National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.12.2010
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքը շարունակվում է
1 / 6

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ երկրորդ ընթերցումով ընդունեցին «Գնումների մասին» օրենքի նախագիծը, «Փառքի շքանշանի մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենսդրական փաթեթում ներառված «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի 1-ին հոդվածը եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ընդունվեցին առաջին ընթերցման ընթացակարգով:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել նախորդ նիստում ընդհատված «Պետական կենսաթոշակների մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումները: Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արա Նռանյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Արծվիկ Մինասյանը, անհրաժեշտ համարելով ոլորտում բարեփոխումների իրականացումը, անդրադարձան պարտադիր կուտակային համակարգի կիրառման պարագայում ի հայտ եկած ռիսկերին:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնող Անահիտ Բախշյանը նշեց, որ գոյություն ունեցող տնտեսական աճի տեմպերը չեն ապահովում երաշխիքներ` պարտադիր կուտակային համակարգի անցնելու համար: «Ժառանգությունը», կողմ լինելով համակարգում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նպատակադրմանը, դեմ է ներկայացված մեխանիզմին:

ՀՅԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց Վահան Հովհաննիսյանը: Խմբակցության ղեկավարը կարեւորեց հարցի առնչությամբ հասարակական քննարկումների կազմակերպումը: Պարոն Հովհաննիսյանը եւս նշեց, որ իրենք կողմ են ոլորտում բարեփոխումների իրականացմանը, սակայն դեմ են քննարկվող մոդելին:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը` Հակոբ Հակոբյանը նշեց, որ մեկ տարուց ավել քննարկվող հարցի վերաբերյալ բազմիցս կազմակերպվել են հանրային քննարկումներ: Պարոն Հակոբյանը նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկած պայմանակուտակային համակարգի ներդրման դեպքում որպեսզի կենսաթոշակը բարձրացվի, հարկավոր է գնալ նոր հարկային բեռի ավելացման, ինչը չի կարող այսօր ընդունելի լինել: Նա նշեց, որ կամավոր կուտակային կենսաթոշակի մոդելը կկիրառվի 2011 թ. հունվարից, իսկ պարտադիրը` 2014 թ.-ից:

Եզրափակիչ ելույթում  ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով հնչեցված մտահոգություններին եւ ռիսկայնությանը վերաբերող տեսակետներին, հիշեցրեց, որ հասարակություն-պետություն հարաբերություններին վերաբերող բոլոր խնդիրները չեն, որ այս օրենսդրական փաթեթով լուծում պետք է ստանան. փաթեթը առնչվում է միայն աշխատող քաղաքացիների եւ պետության փոխհարաբերություններին: Ըստ նրա` բարեփոխումների նպատակն է հնարավորություն տալ քաղաքացուն ստանալու գնաճի եւ իր ներդրած գումարի չափով կենսաթոշակ: Պարոն Հակոբյանն ընդգծեց, որ կառավարությունը չի հրաժարվում սերունդների համերաշխության սկզբունքից, դրան ավելացվում են նոր սկզբունքներ: Ավարտելով ելույթը` պարոն Հակոբյանը նշեց, որ եւ ՀՀԿ խմբակցությունը, եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ են օրինագծերի փաթեթի ընդունմանը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար, տեղեկացրեց, որ ելնելով խնդրի կարեւորությունից` ՀՀ Նախագահի մոտ երկու անգամ հարցը քննարկվել է քաղաքական ուժերի մասնակցությամբ: Նա ընդգծեց, որ պետությունը շարունակելու է երաշխավորել քաղաքացու սոցիալական ապահովության իրավունքը: Պարոն Ասատրյանի գնահատմամբ` օրենսդրական փաթեթը նախանշում է մեր երկրի սոցիալական պաշտպանության համակարգի մոդելը առաջիկա տարիների համար:

Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ քննարկելով օրենսդրական փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 4-րդ, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի 22-րդ եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» 3-րդ եւ 4-րդ հոդվածները` պատգամավորները քննարկեցին նաեւ փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկների հիման վրա օրինագծերի փաթեթը լրամշակվել է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արա Սիմոնյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը երկրորդ ընթերցումով ներկայացրեց նաեւ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Հովհաննես Մարգարյանը: Օրենսդրական փաթեթով` պետության uեփականություն հանդիսացող հողամաuերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ` նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մինչ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկելը, ԱԺ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին սույն օրենսդրական փաթեթում ներառված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ավելացված 1-ին հոդվածը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ավելացված հոդվածով առաջարկվում են այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ միջազգային կրթական ծրագրեր: Այլընտրանքայինը առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձեւերի, միջոցների եւ մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները: Հեղինակայինը այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ է, որը միջազգային չափանիշներով ճանաչված է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված եւ ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմինների կողմից: Փորձարարականը սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր է, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը եւ ներդրումը: Միջազգային կրթական ծրագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային ծրագիր է:

Առաջին ընթերցմամբ վերոնշյալ հոդվածը քննարկելուց հետո կազմակերպվեց օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ 7 ամիսների ընթացքում Ազգային ժողովի, ԶԼՄ-ների, քաղաքացիների, մտավորականների ներկայացրած առաջարկությունների հիման վրա օրինագծերի փաթեթը լրամշակվել է: Օրենսդրական փաթեթի դրույթները, ըստ նրա, համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը եւ կրթական բարեփոխումների տրամաբանությանը, հիմնված են միջազգային փորձի վրա: Պարոն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ եւ բովանդակային քննարկումների համար ինչպես օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների համախոհներին, այնպես էլ ընդդիմախոսներին:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ առաջարկներ են ներկայացրել կոալիցիոն խմբակցությունները եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ինչի արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Նշվեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել փաթեթի առնչությամբ:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի դեկտեմբերի 21-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am